This site is created using Wikimapia data. Wikimapia is an open-content collaborative map project contributed by volunteers around the world. It contains information about 32081204 places and counting. Learn more about Wikimapia and cityguides.

Շուշի

Շուշի, քաղաք Արցախի Հանրապետության Շուշիի շրջանում՝ Շուշիի շրջանի վարչական կենտրոնն է, որը ներկայում գտնվում է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո։ Բնական անմատչելի դիրքի շնորհիվ Շուշին հնագույն ժամանակներում Վարանդա գավառի հայ բնակիչների համար ծառայել է իբրև պաշտպանական ամրություն, որը հետագայում պարսպապատվելով, դարձել է բերդ։ Բերդապարսպի մեծ մասն այժմ էլ կանգուն է։ 18-րդ դարի 2-րդ կեսից բերդաքաղաք էր, իսկ 19-րդ դարում առևտրական, արհեստագործական ու մշակութային խոշոր կենտրոն։ Վաղ միջնադարում բերդը կոչվել է Շիկաքար։ Այստեղ իշխան Մահլ Սմբատյանը 9-րդ դարի կեսին հաղթել է արաբ, ասպատակիչ զորքին և ազատագրել գերեվարված հայ բնակչությանը։ Ուշ միջնադարյան աղբյուրները բերդը հիշում են տարբեր անուններով՝ Քարագլուխ, Քարագլխի բերդ, Քար, Քարագլխի սղնախ, հաճախ նաև՝ Շոշի բերդ, Շոշի սղնախ (որովհետև թշնամի ուժերի հարձակումների ժամանակ այնտեղ պատսպարվել է հարևան Շոշ ավանի և գավառի բնակչությունը)։ 18-րդ դարի սկզբին Շոշի բերդը եղել է թվով գերակշիռ թուրք, զորքերի դեմ հայոց ազատագրական մարտերի կենտրոն։ Բերդը հավանաբար այդ ժամանակ վերակառուցել ու ամրացրել են ազատագրական պայքարի հրամանատարները (Ավան հարյուրապետը և այլք), որոնք հիշվում են իբրև բերդի տերեր։ 1750-ական թվականներին Վարանդայի մելիքությանն ուխտադրժորեն տիրացած Շահնազար Բ, իր դեմ միավորված Ղարաբաղի մյուս չորս մելիքություններին դիմադրելու համար, դաշնակցել է «սարըջալու» կոչվող վաչկատուն ցեղի առաջնորդ Փանահ խանի հետ և նրան տրամադրել Շոշի բերդը։ Փանահ խանը Շահնազարի օգնությամբ այժմյան Շուշիի տեղում կառուցել է իր ամրոց նստավայրը (Փանահաբադ)։ Մինչև 1923 թվականը՝ Պարսկաստանի և Ցարական Ռուսաստանի տիրապետության ժամանակաշրջաններում, այն եղել է վերջինների կազմում գտնվող կիսանկախ Արցախի քաղաքական-մշակութային կենտրոնը։ Մինչև 20-րդ դարը կարևոր դերակատարություն է ունեցել ինչպես Արցախի, այնպես էլ ամբողջ Հարավային Կովկասի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում։ 1920 թվականին թուրքական բանակի աջակցությամբ ադրբեջանցիներն իրականացրել են քաղաքի բնակչության մեծամասնությունը կազմող հայ ազգաբնակչության կոտորած և բռնագաղթ։ Խորհրդային ժամանակաշրջանում քաղաքը ընդգրկված է եղել ԽՍՀՄ կազմում գտնվող Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում ներառված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում։ 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից հետո սկսված Արցախյան պատերազմի ժամանակ դարձել էր հայ-ադրբեջանական պատերազմի թատերաբեմ։ 1992 թվականի մայիսի 9-ին հայկական զինված ուժերի կողմից ազատագրվել է նորաստեղծ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներից։ 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմին կրկին հայաթափվել է և նոյեմբերի 7-ից 9-ը (այլ տվյալներով՝ 5-ից 6-ը) անցել ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո։

Շուշի on the map.

Recent city photos:

more photos...